Կոմիտաս

Փորձե՛ք բնութագրել Կոﬕտասին որպես մարդու:
Մտորեք, թե մարդկային բնութագրերից որն է նրան աﬔնաբնորոշը:

Կոմիտաս վարդապետ

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (ըստ հին տոմարի` հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

Սանահին, 1902, հուլիսի 18

Սանահին, 1902, հուլիսի 18

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

Կ.Պոլիս, 1912

Կ.Պոլիս, 1912

Էջմիածին, 1890, մարտի 17

Էջմիածին, 1890, մարտի 17

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Երևան, 1901, դեկտեմբերի 10

Երևան, 1901, դեկտեմբերի 10

Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

Փարիզ, 1906

Փարիզ, 1906

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ

Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Հիմնվելով արևմտաեվրոպական երաժշտության զարգացման փորձի ու հայ կոմպոզիտորական դպրոցի ձեռքբերումների վրա և հետազոտելով հայ ավանդական երաժշտության առանձնահատկությունները` նա ստեղծեց կոմպոզիտորական ուրույն ոճ, որը համաշխարհային երաժշտության պատմության մասշտաբով ինքնատիպ է և չկրկնվող: Կոմիտասի երաժշտության հարմոնիկ ու պոլիֆոնիկ դրսևորումները և ֆակտուրային շարադրանքի մոտեցումները երաժշտագիտական ընդունված բնորոշումների որևէ դասակարգման չեն ենթարկվում:

Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է հայկական ժողովրդական ու հոգևոր երգերի մշակումներ և ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ (հեղինակային) գործեր: Մշակումները նույնպես ընդունված է համարել ստեղծագործություններ` նկատի ունենալով կոմպոզիտորական ինքնատիպ մոտեցումը: Կոմիտասը գրել է հիմնականում հետևյալ ժանրերում.

ա) Մեներգեր դաշնամուրի նվագակցությամբ: Կոմիտասը ձայնի և դաշնամուրի համար մշակել է հայ ժողովրդական երգերի գլուխգործոցների իր իսկ բանահավաքչական գտածոներ: Թեմատիկան բազմազան է. փիլիսոփայական, քնարական ու սիրային երգերից մինչև կատակերգեր, պարերգեր: Որոշ երգեր կատարողական առումով վոկալ  վարպետություն են պահանջում, ինչպես, օրինակ, «Անտունին», «Կռունկը», «Ծիրանի ծառը» և այլն: Զարմանք է առաջացնում այն փաստը, որ այդ երգերը գրառվել են գեղջուկներից, իսկ դա նշանակում է, որ հայ գեղջուկը տիրապետել է բնական վոկալ հմտությունների: Կոմիտասի` ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ երգերը ոճական հատկանիշներով ժողովրդական երաժշտության հետ այնպիսի նմանություններով են օժտված, որ հաճախ նույնպես ընկալվում են որպես այդպիսին: Հատկանշական օրինակ է «Կաքավիկ» երգը:

բ) Խմբերգեր: Կոմիտասի խմբերգերի թվում են հոգևոր, ժողովրդական երգերի մշակումները և ինքնուրույն ստեղծագործությունները: Կոմիտասը մշակել է հոգևոր երգեր, որոնք վերաբերում են եկեղեցական օրացույցի տարբեր օրերի, տոների, սրբերի, ինչպես օրինակ, «Ջրօրհնեաց երգերը», «Ոտնլուայի երգերը» և այլն: Առանձին հոգևոր երգերի թվում են նաև Պատարագի տարբեր հատվածներ, ինչպիսիք են` «Հայր մէր», «Ամէն: Հայր սուրբ» և այլն:

Արական երգչախմբի համար գրված «Պատարագը»  Կոմիտասից պահպանված միակ մեծակտավ ստեղծագործությունն է: Պատարագի` հայոց եկեղեցու կարևորագույն արարողակարգի մեղեդիները Կոմիտասը մշակել է իր գործունեության տարբեր տարիներին, տարբեր առիթներով, կատարողական տարբեր կազմերի համար: Ավանդական մեղեդիները նա հիմնականում քաղել է Պատարագի երգեցողությունների` Ն. Թաշճյանի կողմից կատարված գրառումներից` հրատարակված 1874 և 1878 թթ.-ին, ինչպես նաև կիրառել է բանավոր պահպանված մեղեդիներ: Պատարագի մեղեդիների մշակումներից մի քանիսը պահպանվել են հատվածաբար` ընդամենը մի քանի համարով: Հատկանշական է Նոր Ջուղայի կամ Հնդկահայոց Պատարագի մեղեդիների մշակումը` կատարված 1910-ականներին: Գոյություն ունի Պատարագի երգեցողությունների գերմաներեն թարգմանությամբ մշակում` գրված Բեռլինում: Վերջին մշակումը` արական երգչախմբի համար, իրականացվել է 1914 թ.-ին: Պատարագի երգեցողությունների մշակումները Կոմիտասը հաճախ նկատի է ունեցել որպես համերգային գործեր: Ներկայում ևս Կոմիտասի 1914 թ.-ի «Պատարագը» հնչում է թե՛ համերգասրահներում, թե՛ եկեղեցական արարողակարգի ընթացքում:

Ժողովրդական երգեր նույնպես Կոմիտասը մշակել է երգչախմբային տարբեր կազմերի համար: Ժողովրդական երաժշտությունն ունի տարբեր ժանրեր` ըստ գեղջկական կյանքի և հասարակության բնագավառների: Կոմիտասի երգչախմբային մշակումներն ընդգրկում են տարբեր ժանրեր` աշխատանքային, հարսանեկան, որոնք ներկայացված են նաև շարերի տեսքով, պարերգեր ու կատակերգեր, ծիսական երգեր և այլն:

գ) Դաշնամուրային գործեր: Դաշնամուրային գործերից հատկանշական են Յոթ պարերը, որոնք Հայաստանի տարբեր տարածաշրջանների պարերի մշակումներ են, «Մշո շորորը», որը ևս իր մեջ ներառում է մի քանի պար, «Երգեր» կոչվող մանրանվագները, որոնք հիմնվում են հայ ժողովրդական տարբեր երգերի մեղեդիների վրա և այլն: Դրանք բոլորը դրսևորում են ինքնատիպ շարադրանք, որը բնորոշվում է թափանցիկությամբ, մեղմ գույներով, ֆակտուրայի «կոմիտասյան» մոտեցմամբ:

դ) Օպերային նախագծեր: Հայտնի են Կոմիտասի մի քանի օպերային մտահղացումներ, որոնց դրսևորումները պահպանվել են լոկ պատառիկների տեսքով: Դրանց թվում են «Անուշ» օպերան` ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի, ինչպես նաև «Սասնա ծռերը»` ըստ հայոց էպոսի մոտիվների: Այս և այլ օպերային մտահղացումներում թեմատիկայի ընտրությունը նույնպես վկայում է ազգային մշակույթի կարևորման մասին:

ե) Անսամբլային և նվագախմբային գործեր` ստեղծված ուսանողական շրջանում, որոնք վկայում են դասական կոմպոզիտորական տեխնիկային վարպետորեն տիրապետելու մասին: Նվագախմբի համար է գրված «Walde Nacht» ստեղծագործությունը: Վաղ շրջանում գրված այս պիեսները ցույց են տալիս, որ Կոմիտասը հրաշալիորեն տիրապետել է դասական երաժշտության տարբեր ժանրերի տեխնիկային, սակայն հետագայում նախապատվություն է տվել վոկալ, խմբերգային և դաշնամուրային երաժշտությանը:

«Խորհուրդ խորին» Սբ. Պատարագից, ինքնագրից

«Խորհուրդ խորին» Սբ. Պատարագից, ինքնագրից

Կ.Պոլիս, 1912թ.

Կ.Պոլիս, 1912թ.

ԲԱՆԱՀԱՎԱՔ

Կոմիտաս վարդապետն ավանդական երաժշտության հավաքումը, դասակարգումը և ուսումնասիրությունը գիտական հիմքերի վրա դրեց: Նա աշխարհում առաջին երաժշտական ֆոլկլորագետներից է: Ողջ գիտակցական կյանքի ընթացքում նա պարբերաբար մեկնել է տարբեր բնակավայրեր` հավաքելով ավանդական երաժշտության նմուշներ: Նախապատվությունը տալիս էր խուլ գյուղերում գրառված երգերին, քանի որ այնտեղ օտար ազդեցությունները քիչ են, և երգը պահպանվում է իր անաղարտ վիճակում:  Այս աշխատանքը շատ դժվար էր, քանի որ գյուղացիները հրաժարվում էին երգել երգի իրական միջավայրից դուրս, պարզապես գրանցելու համար: Ըստ Կոմիտասի. «Շատ դժվարութիւնով կամ ամենեւին չեն երգում, նոյնիսկ ծաղր են անում, եթէ մի ոչ գյուղացի խնդրէ, որ, օրինակ, մի շինականի երգ ասեն, երբ գործի չեն, այն էլ` տանը: Ժողովուրդն արուեստական երգեցողութիւն ասած բանը չը գիտէ: Իւրաքանչիւր երգ իր տեղում, իր ժամանակին է ստեղծում կամ սովորում: Ոչ մի գիւղացի, տանը նստած, կալի երգ չի ասի. որովհետեւ կալերգն ստեղծելու եւ ասելու տեղն է կալը» («Հայ գեղջուկ երաժշտութիւն», Ուսումնասիրութիւններ և յօդուածներ, Գիրք Ա, էջ 377):

Հաղթահարելով դժվարությունները` Կոմիտասին հաջողվել է գրառել և այդպիսով մոռացումից փրկել հայ ավանդական երաժշտության հազարավոր նմուշներ: Այդ թվում են հայ հոգևոր ու ժողովրդական երաժշտության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Մոկաց Միրզա» վիպերգը, «Սասնա ծռեր» էպոսի երգվող հատվածները, «Կռունկը» և այլ պանդխտության երգեր, «Լոռվա գութաներգը» և աշխատանքային այլ երգեր, «Տիրամայրն» խաչելության ողբը, Գրիգոր Նարեկացու տաղերը և այլն:

«Տարրական երաժշտութիւն» ուսումնական ձեռնարկի ինքնագրից

«Տարրական երաժշտութիւն» ուսումնական ձեռնարկի ինքնագրից

 

ԵՐԱԺՇՏԱԳԵՏ

Կոմիտասի գործունեության կարևորագույն ոլորտներից է երաժշտագիտական աշխատանքը: Իր գիտական աշխատանքի արդյունքները նա ներկայացրել է տարբեր լսարաններում, այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության հետազոտության արդյունքում նա հանգեց հայ մշակույթի համար հիմնարար նշանակություն ունեցող մի շարք դրույթների և հայտնագործությունների, որոնցից հատկապես կարևոր են.

ա) Հայ երաժշտության զարգացման պատմա-աշխարհագրական, սոցիալական հիմքերի կարևորումը: Կոմիտասի կարծիքով` բազմաթիվ գործոններ են ձևավորում տվյալ ազգի երաժշտությունը (աշխարհագրական դիրք, բնակլիմայական պայմաններ, լեզու):

բ) Ժանրային դասակարգումը:

գ) Հայ երաժշտության հնչյունաշարերի բացահայտումը: Կոմիտասը ցույց տվեց, որ հայ երաժշտության հիմքում ընկած ձայնակարգերը տարբերվում են  եվրոպական երաժշտության ձայնակարգերից կառուցվածքային  որոշակի  սկզբունքով:

դ) Կառուցվածքային հիմքի պարզաբանումը:

ե) Խազերի հետազոտությունը: Խազագրությունը հայկական միջնադարյան երաժշտական գրանցման (նոտագրության) համակարգ է, որը զարգացել է 8-րդ դարից ի վեր, զարգացման բարձր մակարդակի է հասել 12-15-րդ դարերում, շրջանառվել է մինչև 18-րդ դարը, այնուհետև դուրս է եկել կիրառությունից: Կոմիտասին հաջողվել էր երկար տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում գտնել խազերի վերծանման բանալին:

զ) Տարբեր ազգերի երաժշտության համեմատությունը: Կոմիտասը զբաղվել է համեմատական ֆոլկլորագիտությամբ: Հետազոտելով հարևանությամբ ապրող ազգերի, այդ թվում` հայկական, պարսկական, քրդական, տաճկական, արաբական, ասորական երաժշտության նմուշներ` նա պարզաբանում էր յուրաքանչյուր ազգի երաժշտությանը բնորոշ հատկանիշները:

 

ԿԱՏԱՐՈՂ

Կոմիտասը եղել է երգիչ և խմբավար: Նրա թե´ մենակատարային, թե´ որպես երգչախմբի ղեկավար կատարումները լայն արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում: Բազմաթիվ վկայություններ կան, որ նա հրաշալի ձայն է ունեցել և անգամ իր երգեցողությամբ ողջ լսարանին «ստիպել» արտասվել: Պահպանվել են 1912 թ.-ին Փարիզում իրականացված` Կոմիտասի երգեցողության ձայնագրություններ:

ՄԱՆԿԱՎԱՐԺ

Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մաասնավոր դասեր է վարել Կոստանդնուպոլսում: Կոմիտասը ցանկություն ուներ Կոստանդնուպոլսում երաժշտանոց հիմնել։ Ցավոք, նա նպատակը չհասցրեց իրականացնել, սակայն նա հասցրեց կրթել երիտասարդ, շնորհալի սերունդ, որոնցից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին: Կոմիտասի աշակերտներից Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ:

Կոմիտաս վարդապետը, որ քաջութիւնն ունեցաւ գալ խմբերգը ղեկավարելու եւ ինքն իսկ մելոտիներ երգելու, Տիրամայրին մէջ բարձրացաւ յուզմունքի այնպիսի ներուժութեան մը որ գրեթէ արցունք բերելու աստիճանին կը հասնէր եւ որուն համար հասարակութիւնը «օվասիոն» մը ըրաւ իրեն: Ոչինչ աւելի սրտաշարժ էր քան տեսնել հասարակութեան ծափերուն առջեւ իր խոնարհիլը` քաղցրութեամբ ու վեհութեամբ` սեւ բարձր վեղարին տակ:

— Լուի Լալուա, ֆրանսիացի երաժշտագետ
 

Այն խորունկ հայեացքը, որով Դուք, ի մօտոյ մեզ ներկայացրիք մեզնից բոլորովին հեռու գտնուող բարձր եւ զարգացած մի քաղաքակրթութեան վսեմ կարողութիւնը, – անակնկալօրէն հմտալից մատուցումն այն ամենի, որ արեւմտեան հնագոյն քաղաքակրթութեան ճանաչման համար իսկապէս բացառիկ նշանակութիւն ունեն, Ձեր դասախօսելու եւ երգելու կատարեալ արուեստը – սրանք բաներ են, որ մեզ զարմանք կարող էին պատճառել եւ որոնք վառ կմնան Ձեր ունկնդիրների յիշողութեան մեջ:

— Մաքս Զայֆերտ, գերմանացի երաժշտագետ
 

Ձեր հմտալից եւ խորիմաստ դասախօսութիւնները օգնեցին մեզ խոր հայեացք նետել այն երաժշտութեանը, որը ցարդ մեզ համար գրեթէ փակ էր, եւ որը կարող է շատ բան սովորեցնել մեզ` արեւմուտցիներիս: Դուք անգնահատելի ծառայութիւն մատուցած կլինէք արդի գիտութեանը, եթե հրապարակէք Ձեր աշխատութիւնները, եւ ես անչափ ուրախ կլինեմ, եթէ կարողանամ օժանդակել Ձեզ այդ գործում:

— Օսկար Ֆլայշեր, գերմանացի երաժշտագետ
 

Կոմիտաս Վարդապետ

Փորձե՛ք բնութագրել Կոﬕտասին որպես մարդու: